Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ով գնում է,նրան դժվար չէ սիրել. այսօր Ֆրանց Կաֆկայի ծննդյան օրն է

am en
ov-gnoum-e-nran-djvar-ce-sirel-aysor-franc-kafkayi-cnndyan-orn-e

Այսօր ծագումով հրեա, ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկայի ծննդյան օրն է: Կաֆկան ծնվել է 1883 թ. հուլիսի 3-ին: Նա իր 40-ամյա կյանքում հասցրել է ստեղծել այնպիսի գրականություն, որը շարունակում է զարմացնել, ներշնչել, ազդել, տպավորել և քննարկվել անդադար:

Կաֆկան գրել է գերմաներեն, 1909թ.-ից տպագրվել է ամսագրերում: 1913թ. լույս են տեսել «Հետազոտություն» պատմվածքների ժողովածուն, «Դատավճիռ», «Հնոցապան» պատմվածքները: Կաֆկան 1915թ. արժանացել է Գերմանիայում հեղինակավոր Ֆոնտանեի գրական մրցանակին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հրատարակել է «Ուղղիչ գաղութում» (1919թ.) պատմվածքը, «Գյուղական բժիշկ» (1919թ.), «Քաղցած մնալու վարպետը» (1924թ.) պատմվածքների ժողովածուները:

Մահից առաջ Կաֆկան կտակել է այրել իր ձեռագրերը, բայց նրա մտերիմ ընկեր ու բարեկամ Մաքս Բրոդը 1925-1926 թթ.-ին հրատարակել է 3 անավարտ վեպերը («Ամերիկա», «Դատավարություն», «Դղյակը») և անտիպ պատմվածքները («Չինական պատի շինարարությունում», ժողովածու), որոնցով էլ նա համաշխարհային ճանաչման է արժանացել: 

Անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինքնադատափետումը, շրջապատող աշխարհի հիվանդագին ընկալումը խորը հետք են թողել նրա ողջ ստեղծագործության վրա: Կաֆկայի բոլոր ստեղծագործություններում արտացոլվել է XX դարի ամենահրատապ խնդիրներից մեկը՝ մարդու օտարումն աշխարհից: Նրա հերոսները միայնակ, փոքր ու խեղճ մարդիկ են, որոնք ներկայանում են մղձավանջային կամ հեքիաթային-արկածային իրավիճակներում, և նրանց համար փրկություն չկա:

«Որսորդ Գրակխը» պատմվածքի հերոսը կորցրել է ժամանակի ու տարածության զգացողությունը և ապրում է իր համար ստեղծած մի այլ իրականության մեջ: «Փոխակերպություն» պատմվածքում գրոտեսկային և այլաբանական խորհրդանիշներով Կաֆկան պատկերել է ժամանակի բարոյազուրկ ու արգահատելի իրականությունը:

Պատմվածքի հերոսը՝ համեստ առևտրական գործավար Գրեգոր Զամզան, առավոտյան արթնանալով, պարզում է, որ վերածվել է մի մեծ միջատի: Որոշ ժամանակ ապրելով այդպիսի իրականության մեջ՝ հասկանում է, որ իրենից խորշում են և´ հարազատները, և´ հասարակությունը:

Կաֆկայի նկարագրած  աշխարհում մարդու փոխակերպումն անշրջելի է. մարդը միայնակ է, և ոչ ոք չի կարեկցում նրան: Գրեգորն ինքնասպան է լինում, որովհետև միայնությունն անհաղթահարելի ցավ է պատճառում նրան: «Դատավարություն» վեպում բանկի աշխատակից Յոզեֆ Կ.-ն հանկարծակի իմանում է, որ ինչ-որ մեկի մատնությամբ ինքը պետք է կանգնի դատարանի առջև:

Կաֆկան ռեալիստական մանրամասներով ստեղծել է չարագուշակ, արտառոց և հանելուկային դատավարության պատկերը: Ի՞նչ անսովոր մեղադրանք է ներկայացված հերոսին, ինչո՞ւ չի կարողանում խուսափել անհեթեթ դատավճռից, անհասկանալի է: «Դղյակը» վեպը Վառնավա ընտանիքի անխուսափելի կործանման պատմությունն է: Այստեղ գրողի մտորումները մեղքի, փրկության և հույսի, արդարության ուղիների մասին են:

Ֆրանց Կաֆկայի խոհափիլիսոփայական մտքերից

Ով գնում է,նրան դժվար չէ սիրել

Վախի առաջին պահին մեր գլուխն է մտնում ամեն տեսակի հիմարություն, բայց հերիք է մի փոքր մտածել, և ամեն ինչ ընկնում է իր տեղը:

Գեղագիտորեն հաճույք ստանալ կեցությունից կարելի է միայն խոնարհաբար ապրելով բարոյականության օրենքներով:

Ով աշխարհում սիրում է իր մերձավորին, կատարում է ոչ ավել և ոչ էլ պակաս անարդարություն, քան նա, ով աշխարհում սիրում է ինքն իրեն: Մնում է միայն մի հարց. հնարավո՞ր է արդյոք առաջինը:

Իրական զգացմունքի և դրա նկարագրության միջև, ինչպես տախտակ, գցված է նախադրյալը՝ զրկված ամեն տեսակի կապերից:

Սովորականն արդեն ինքնին հրաշք է: Ես միայն գրանցում եմ այն: Հնարավոր է, որ ես մի փոքր լուսավորում եմ իրերը, ինչպես մթնեցված բեմի հատակի լամպը: Բայց դա ճիշտ չէ: Իրականում բեմն ընդհանրապես մթնեցված չէ: Այն լի է ցերեկային լույսով: Դրա համար մարդիկ կկոցում են աչքերը և այդքան քիչ են տեսնում:

Ճշմարտությունն այն է, ինչ անհրաժեշտ է մարդուն կյանքի համար, և ինչ, այնուամենայնիվ, նա չի կարող ոչ մեկից ստանալ կամ ձեռք բերել: Յուրաքանչյուր մարդ պետք է անընդհատ ծնի դա իր միջից, այլապես նա կմահանա: Կյանքն առանց ճշմարտության անհնար է: Հնարավոր է՝ ճշմարտությունը հենց կյանքն է:

Մեծամասամբ մարդիկ բնավ էլ չար չեն: Մարդիկ վատ են վարվում և մեղք են իրենց վրա վերցնում, որովհետև խոսում և գործում են՝ չպատկերացնելով իրենց խոսքերի և արարքների հետևանքները: Նրանք լուսնոտներ են, այլ ոչ թե չարագործներ:

Պատահականություն անվանում են իրադարձությունների զուգադիպումը, որոնց պատճառականությունն անհայտ է: Բայց առանց պատճառականության՝ չկա աշխարհը: Դրա համար էլ պատահականությունները գոյություն ունեն ոչ թե աշխարհում, այլ միայն մեր գլխում, մեր սահմանափակ ընկալման մեջ: Դրանք մեր իմացության սահմանների արտացոլումն են: Պայքարը պատահականության դեմ միշտ պայքար է ինքներս մեր դեմ: Պայքար, որում մենք երբեք չենք կարող հաղթող դառնալ:

Առողջ մարդու համար կյանքը, անկեղծ ասած, ընդամենը չգիտակցված փախուստ է, որում ինքն իրեն չի խոստովանում. փախուստ այն մտքից, որ, վաղ թե ուշ, ստիպված ենք մահանալ:

Ով հասկացել է կյանքի ամբողջ լիակատարությունը, նա չի ճանաչում մահվան վախը: Վախը մահվան հանդեպ միայն չիրականացած կյանքի արդյունք է: Դա դրա դավաճանության արտահայտումն է:

Ջղաձգային ուրախությունը շատ ավելի տխուր է, քան բաց արտահայտված տխրությունը:

13. Երջանկությունը բացառում է ծերությունը: Նա, ով պահպանում է հիասքանչը տեսնելու հնարավորությունը, չի ծերանում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ