Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

ՌԱԿ Շիրակի հետաքրքրասերների ակումբում աշխարհահռչակ «զարմանահրաշ» նկարիչներն էին

am
rak-siraki-hetaqrqrasneri-akoumboum-asxarhahrcak-zarmanahras-nkaricnern-ein

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի հետաքրքրասերների 2019թ. փետրվարի 9-ի թվով 4-րդ հանդիպման «ճաշացանկում» այս անգամ հայ և համաշխարհային նկարիչներն էին։ Նրանց «հյուրընկալել» էին ակումբի գեղանկարիչ-գրաֆիկները, լուսանկարչական արվեստով հրապուրված մշակութասեր երիտասարդները:

ՌԱԿ Շիրակի կրթամշակութային միջոցառումների շրջանակներում կրկին հյուր էր «Խորանարդ» ինտելեկտուալ ակումբի տնօրեն Արմեն Պետրոսյանը, ում պատրաստած գիտելիքահաղորդ շնորհանդեսները մեծ բավականությամբ են դիտում և գուշակում մասնակից երիտասարդները: Նկարիչներից որ մեկն ինչ գաղտնագիր է թաքցրել իր նկարներում, ինչ գույներ է օգտագործել, ինչքան են արժեցել նկարները, ինչպես են կեղծվել բնօրինակները, և այլ հետաքրքիր փաստերի մասին էր խոսվում ցուցադրվող թեմատիկ շնորհանդեսներում:

Միջոցառման սկզբում ակումբայինները ծննդյան օրվա առթիվ անակնկալ մատուցեցին իրենց ընկերուհուն՝ Ժենյա Հովսեփյանին՝ նրան հանձնելով իրենց պատրաստած գիրք-նվերը:

Ծրագրի առաջին փուլը՝ «Գուշակիր նկարի հեղինակին», մեծ աշխուժություն առաջացրեց լսարանում: Մասնակիցները գուշակեցին գրեթե բոլոր նկարների հեղինակներին:

Հաջորդ փուլը կոչվում էր «Գուշակիր նկարչին», որի ընթացքում մասնակիցները պետք է դեմքով ճանաչեին նկարիչին՝ տալով նրա անունը: Գովելի էր մեր երիտասարդների ակտիվությունը, ովքեր ջանք չէին խնայում ցուցադրել իրենց գիտելիքներն այս ասպարեզում։ Նրանք ներկաներին փոխանցեցին իրենց գիտելիքները Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գառզուի, Վան Գոգի և այլոց կյանքի ու ստեղծագործության մասին:

Երրորդ փուլը կոչվում էր «Նկարիչների պատկերները թղթադրամների և մետաղադրամների վրա»։ Խաղավարը պատմում էր հայրենական և օտարերկրյա դրամների վրա պատկերված անձանց մասին, ներկայացնում, թե ինչ արժանիքների համար են նրանք պատկերվել:

Հաջորդ՝ չորրորդ փուլը կոչվում էր «Այդ տարօրինակ նկարիչները»։ Այս փուլում խաղավարը ներկայացրեց հայտնի նկարիչների ունեցած տարօրինակություններն ու առանձնահատուկ կողմերը։

Վերջում կայացավ գլխավոր՝ ինտելեկտուալ խաղը: Մասնակիցներին հանձնվեցին նկարիչների դիմապատկերներով հարցաթերթիկներ, համապատասխան հարցի ճիշտ պատասխանով որոշվեցին 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականներում հայտնված մասնակիցները: Նրանք էին ՇՊՀ մանկավարժության մեթոդիկայի 3-րդ կուրսի ուսանողուհի Արաքսյա Պապոյանը, «Վարդուհի» արվեստի դպրոցի նկարչական դասարանի սան Անգելինա Գենջոյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Վեներա Պապոյանը:

Վերջում մասնակիցներն ու ներկաները ներկայացրին իրենց տպավորությունները, շնորհակալություն հայտնեցին Արմեն Պետրոսյանին, իսկ կազմակերպիչները խոստացան հաճախակի կազմակերպել նման միջոցառումներ ու կրկին մեկ սեղանի շուրջ հավաքել բանիմաց երիտասարդներին։

Միջոցառման ամբողջ ընթացքում իր գեղեցիկ և ոգևորիչ երաժշտական համարներով հանդես եկավ Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցի սան, 12- ամյա դուդուկահար Մարտին Մոսոյանը՝ կատարելով հայկական ժողովրդական և գուսանական սիրված երգեր։

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբ

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ,

ՇՊՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

ՌԻՏԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ