Ռասիզմն արդեն Թուրքիայի «երակների» մեջ է

rasizmn-arden-tourqiayi-erakneri-mej-e

Ռասիստական տրամադրությունները Թուրքիայում մտնում են առավել բացահայտ ու առավել վտանգավոր փուլ: Բանն այն է, որ ատելության խոսքը, բռնության սպառնալիքը և ռասիզմի տարատեսակ դրսևորումները ստացել են թուրքական իշխանությունների հովանավորությունը, եթե չասենք աջակցությունը: Թուրքիայում հետզհետե սրացող այլատյացության թիրախներից մեկը, բնականաբար, հայ համայնքն է ու առհասարակ հայությունը: Հայության դեմ ուղղորդված ատելությունը ակնհայտորեն սրընթաց թափ է հավաքում: Եվ բացարձակապես չկա ոչ մի կասեցնող միջամտություն պետական մարմինների կողմից:

Նախ նկատենք, որ օրերս Սամաթիայում հայ կնոջ դանակահարման դեպքից հետո  ատելության կրքերը կրկին բորբոքվել են: Անհայտ անձինք դարձյալ Սամաթիայի տների վրա սպառնալից գրություններ և նշումներ են արել: Հանցագործության այս ձեռագիրը արդեն հուշում է վերահաս վտանգի մասին, քանի որ հարձակումից առաջ այլազգիների տների պատերին միշտ նախօրոք այդպիսի գրություններ են կատարվել: Այսինքն, հայ կնոջ դանակահարման դեպքը դեռ չբացահայտված ու այդ կնոջ վերքերը դեռ թարմ, տեղի է ունենում ռասիզմի հերթական դրսևորումը նույն Սամաթիայում, նույն հանցագործության ձեռագրով: Պատկերացնել է պետք, թե որքան է խորացել անպատժելիության մթնոլորտը, որքան ազատ ու անկաշկանդ են զգում իրենց այդ հանցավոր խմբերը, որ էլի հանգիստ շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը:

Այս անպատժելության մթնոլորտի հետևում պետք է տեսնել Թուրքիայի նախագահ Էրդողանի ականջները: Վստահաբար նրա գիտությամբ ու թողտվությամբ են տեղի ունենում ռասիզմի ու անհանդուրժողականության դրսևորումները: Այլապես դրանց կատարողները անպատիժ ու անկաշկանդ չէին մնա: Մենք շատ լավ գիտենք, թե իշխանության հասցեին քննադատություն հնչեցնողները ինչպես են իրավապահների կողմից շատ արագ հայտնաբերվում, բերման ու պատասխանատվության ենթարկվում: Եթե նույնիսկ նրանք սոցցացներում ծպտյալ կարգավիճակով են հանդես գալիս, միևնույն է, ցանկության դեպքում իրավապահները շատ արագ հայտնաբերում են նրանց ու քրեական հոդվածների տակ մտցնում: Մինչդեռ Սամաթիայի դանակահարության դեպքի բացահայտման համար  ոչ միայն նկատելի կամք չի ցուցաբերվում, այլև դեռ մի բան էլ թույլ է տրվում, որ հանցագործությունը կրկնելու հնարավորություն լինի:

Ի դեպ, Սամաթիայի տների պատերին արված նոր գրառումների մասին բնակիչները ահազանգել են ոստիկանություն, բայց ոստիկանները ո՛չ ժամանել են դեպքի վայր, ո՛չ արձանագրություն կազմել: Սա այլ բան չի կարող նշանակել, քան իրավապահների հանցավոր անգործություն: Ավելի ստույգ՝ հրահանգված անգործություն, մանավանդ երբ հանցագործների թիրախը հայեր են կամ այլազգիներ: Եվ ուրեմն ստիպված ենք անհանգստանալ ու արձանագրել, որ ռասիզմը և ատելությունը արդեն Թուրքիայի «երակների» մեջ են և «արյուն են տալիս» պետական քաղաքականությանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ