Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ավետիք Իսահակյան

Ռոբերտ Քոչարյանը, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

robert-qocaryane--orpes-hh-qaxaqaci--iravounq-ouni-ir-karciqn-artahaytelou-im-qayle-xmbakcoutyan-patgamavor

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտից ուղերձ է հղել, որում, անդրադառնալով նոր ձևավորված Ազգային ժողովին, նշել է՝ խորհրդարանական մեծամասնության որակական կազմը որևէ հնարավորություն չի թողնում հավատալու, թե իշխող նոր թիմը ունակ է արդյունավետ կերպով կառավարել երկիրը: Ի՞նչ կասեք այս հայտարարության առնչությամբ:

-Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու: Մեր երկրում խոսքի ազատություն է, և մարդիկ կարող են իրենց կարծիքներն անվերապահորեն հայտնել: Ես կարող եմ ասել, որ այդ կարծիքը չենք կիսում, և դա էլ մեր իրավունքն է:

-Երկրորդ նախագահն ասում է, որ նոր իշխանություններն արդեն իսկ արել են սխալներ, և ապագայում ականատես կլինենք դրանց արդյունքում առաջացած հիասթափության մեծ ալիքին: Ըստ Ձեզ՝ որոնք են այդ սխալները:

-Եթե Դուք նշեք սխալները, ես կկարողանամ ասել, դա սխա՞լ էր, թե՞ ոչ:

-Օրինակ, այս օրերին շատ քննարկվեց և քննադատվեց պարգևավճարների հետ կապված հարցը:

-Տվյալ պրակտիկան գալիս է դեռևս հին իշխանություններից, որոնք ստեղծել են այնպիսի պետական համակարգ, որը կառավարվում էր պարգևավճարների հաշվին: Մարդկանց իրենց հայեցողությամբ պարգևատրում էին, սակայն պետական աշխատավարձերը պահվում էին շատ ցածր մակարդակի վրա: Այդ իրավիճակը պետք է փոխվի և իներցիայով տեղի ունեցող երևույթներն, ըստ իս, չպետք է շարունակվեն: Մեր թիմը քննարկում է այդ հարցերը, և օրենսդրական մեր գործունեության ընթացքում, որը դեռևս նոր է սկսվում, մենք կաշխատենք այս և մնացած արատավոր երևույթները շտկելու ուղղությամբ:

-Այսինքն, Դուք ընդունո՞ւմ եք, որ դա սխալ էր, սակայն ոչ ձեր թիմի սխա՞լը:

-Այստեղ համակարգային խնդիր է, որը մենք ժառանգել ենք նախորդ իշխանությունից: Դրանց լուծման համար ժամանակ է անհրաժեշտ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասենք: Մենք պետք է շատ ուշադիր հետևենք հանրության արձագանքներին և նաև իդենտիֆիկացնենք այն խնդիրները, որ նկատելի են:

Այնպես չէ, որ հասարակությունը մինչև վերջ պատերացնում է այն համակարգի արատները, որ մենք ժառանգել ենք: Դրանք փորձելու ենք աստիճանաբար լուծել: Օրենսդրական փոփոխությունները ներկայացվելու են հանրության քննարկմանը, և այդ գործընթացը լինելու է թափանցիկ:

-Քոչարյանի ուղերձում նաև նշվում է Ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում վրիպակների մասին, որոնք ճակատագրական հետևանքներ կարող են ունենալ: Այս օրերին շրջանառվում է տեսակետ, որ ստվերային գործընթաց է տարվում ԼՂ համակարտության կարգավորման հարցում: Ի՞նչ կասեք այս խնդրի առնչությամբ:

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը չի կարող լինել բաց ու թափանցիկ: Դա բազմաշերտ, բազմակողմանի և շատ մեծ թվով խաղացողների ներառող գործընթաց է: Ինչ-որ ֆոտոների, դեմքի արտահայտությունների կամ այլ բաների վրա փորձել եզրակացություն անել՝ առնվազն ոչ պրոֆեսիոնալ է: Դա խոսում է փաստերը կեղծելու կամ թվացյալ փաստեր կառուցելու նպատակների մասին, որը մենք չենք ընդունում: Եթե ես հիմա մեկնաբանեմ կեղծ փաստեր և փորձեմ արդարանալ կամ հարձակվել, դրանով ես կմտնեմ այդ մարդկանց խաղի մեջ:

Հետևաբար, ես կոչ եմ անում հանրությանը, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կենսական նշանակություն ունի, թողնեն, որ դիվանագետները կամ երկրի ղեկավարությունը աշխատեն դրա շուրջ և պատշաճ ժամանակ, այն ինչ կարելի է և այն, ինչ պահանջում է ժողովրդի ուշադրությունը, կներակայացնեն հանրությանը:

Բայց չի կարելի պրոցեսի մասին եզրակացություններ անել, առանց ունենալու հիմքեր, այլ ուղղակի կեղծ փաստարկներ հորինելով:

-Այսինքն՝ հող հանձնելու թեզերը ձեր թիմին վերագրելու խոսակցությունները և՞ս կեղծ եք համարում:

-Պետք է միշտ սկզբնաղբյուրին դիմել և հստակ հիմնվել արտաքին քաղաքականության վերաբերյալ վարչապետի հայտարարությունների և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումների վրա: Պետք է դիտարկել ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ ելնելով այդ հայտարարություններից ու դրույթներից, և ոչ ավելի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ