Սերժ Սարգսյանն առաջնորդի պաշտոնում իրեն արդեն սպառել էր. Արցախի ԱԺ պատգամավոր (տեսանյութ)

serj-sargsyann-arajnordi-pastonoum-iren-arden-sparel-er-arcaxi-aj-patgamavor-tesanyout

«Մենք ունենք մեկ հայրենիք երկու հայկական պետություն»,- այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը` ընդգծելով, որ Արցախն ու Հայաստանը մեկ օրգանիզմի տարբեր մասեր են, և չի կարող մի օրգանը ցավալ, և դա չազդի ամբողջ մարմնի վրա։

Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխությանը, և դրա՝ Արցախի ներքաղաքական կյանքի և հասարակության տրամադրությունների վրա անդրադարձին, պատգամավորը նշեց. «Ինչո՞ւ թավշյա հեղափոխությունն այստեղ տեղի չունեցավ, որովհետև «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը վարչապետ էր: Նա մասնակցեց ցույցին և ասաց, որ գիտակցում ենք և մեր թերությունենրից խոսելու խիզախություն ունենք։ Որովհետև եթե աշխատում ենք, ուրեմն թերություններ պետք է լինեն, և ամեն մի հարցի պատասխան տրվեց»։

Պատգամավորը նաև հավելեց, որ հեղափոխությունն առանց Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի տեղի չէր ունենա․ «Ես միշտ ուզում էի այդ մասին բարձրաձայնել՝ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ինչ է ասել Սերժ Սարգսյանը․․․ Թավշյա հեղափոխությունն, իմ խորին համոզմամբ, առանց Սերժ Սարգսյանի հնարավոր չէր լինի, առանց Նիկոլ Փաշինյանի էլ չէր ստացվի։ Ժողովուրդը ոտքի կանգնեց, իսկ Սերժ Սարգսյանը մտավ պատմության մեջ՝ ասելով, որ Նիկոլ ջան, դու ճիշտ ես և հեռացավ»։

Արթուր Թովմասյանի կարծիքով՝ հեղափոխության պատճառն այնքան իշխանությունների վատ աշխատանքը չէր, որքան այն հանգամանքը, որ ՍԵրժ Սարգսյանը նորից առաջադրվեց վարչապետի պաշտոնում․ «Օրինակ, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները շատ անհանգիստ էին»։

Հետաքրքրվեցինք, հանգիստ լինելու հետ մեկտեղ արդյո՞ք ընտրությունները նաև արդար էին, պարոն Թովմասյանը պատասխանեց․ «Ազնվությամբ եմ ասում, երդվում եմ՝ եղել եմ Վեդի քաղաքում ու հարցրել եմ բոլոր վստահված անձանց, մյուս մարդկանց՝ բողոքներ կա՞ն, և ոչ մեկը չէր բողոքում։ Իրականում Կարեն Կարապետյանը հաղթեց: Ամբողջ ընտրարշավն անցկացրել է Կարապետյանը, և ընտրություններն էլ հանգիստ էին։ Իսկ հասարակության ընդվզելու, փողոց դուրս գալու հիմնական պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց վարչապետի պաշտոնում։ Եթե 10 տարի մարդը ղեկավարում է, իրեն սպառում է, ինչքան էլ լավը լինի, ժողովուրդը հոգնում է։ Իսկ Սերժ Սարգսյանն առաջնորդի պաշտոնում իրեն արդեն սպառել էր»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ