Թուրք գեներալի ու շարքայինի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ

tourq-generali-ou-sarqayini-verabermounqe-hayastani-handep

Թուրքիայի վրա կարող են լինել օդային հարվածներ։ Այդ հարձակումները կարող են լինել Հայաստանի օդուժի կողմից։ Այս կարծիքին է թուրք գեներալ Իսմային Փեքինը։ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկիր է։ Այս կարծիքին է սոցհարցման ենթարկված Թուրքիայի քաղաքացիների 61 տոկոսը։

 

Այն, որ Հայաստանի մասին նմանատիպ ընկալումները Թուրքիայի զինվորականության ու հանրության շրջանակներում վաղուց արդեն կարծրացել են պետական ուղղորդված քաղաքականության ու քարոզչության հետևանքով, ավելի քան պարզ է։ Երբ ունես ցամաքային անմիջական հարևան, որի կողմից դու ընկալվում ես իբրև սպառնալիք, բարիդրացության հեռանկարները կամ կառուցողական երկխոսությունների շանսերը հասկանալիորեն դառնում են զրո։

 

Հիմա գանք հերթով՝ գեներալից մինչև շարքային քաղաքացի։

 

Նախկինում Թուրքիայի 8-րդ բանակային կորպուսի հրամանատար եղած գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Փեքինը Հայաստանի մասին հիշել և հիշատակել է, երբ նրան հարց է ուղղվել. «Ռուսաստանից գնվելիք հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային համակարգերը ո՞ր երկրներից պիտի պաշտպանեն Թուրքիային»։

 

Գեներալը որպես թշնամական երկրներ մատնացույց է արել Հունաստանը, Իսրայելը ու Հայաստանը։ Չի շրջանցել նաև Իրանին՝ ասելով. «Ճիշտ է, Իրանն այս պահին մեզ համար թշնամի չէ, բայց չենք կարող իմանալ, թե վաղը ինչ կլինի, մանավանդ որ նրանք ունեն 2000-2500կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ»։

 

Գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Փեքին

 

Ուշադրություն է պետք դարձնել, որ թուրքական բանակի նախկին առանցքային դեմքերից մեկը հանդիսացող այս գեներալի խոսքերը հանրայնացվում է 126.000 տպաքանակ ունեցող ամենազանգվածային թերթերից մեկի՝ «Milliyet»-ի միջոցով, որը վաղուց արդեն վերահսկվում է իշխանությունների կողմից։ Եվ ի՞նչ։ Եվ արդյունքը լինում է ու կլինի այն, որ շարքային քաղաքացիների մեջ այդ կերպ շարունակվում է ամրապնդվել հակակրանքը և ատելությունը հարևան Հայաստանի նկատմամբ։ Ի դեպ, հիշյալ գեներալը, որպես դեսանտային գումարտակի հրամանատար, ժամանակին մասնակցել է Թուրքիայի ռազմական ներխուժմանը Կիպրոս կղզի։

 

Հիմա դիտարկենք շարքային քաղաքացիների տրամադրվածությունը։ Թուրքիայի «Kadir Has» համալսարանը երկրի արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ սոցհարցում է անցկացրել 26 նահանգի տարբեր տարիքային խմբի 1000 բնակչի շրջանում։

 

KADIR HAS համալսարան 

 

Նպատակ է դրվել հնարավորինս պարզել,   թե Թուրքիայի քաղաքացիները երկրի արտաքին քաղաքականության մի շարք հարցերում ինչպիսի պատկերացումներ ու կարծիքներ ունեն: Պարզվել է, որ Հայաստանը 5-րդն է այն երկրների ցանկում, որոնք համարվում են Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող երկիր:  Թշնամական երկրների տոկոսային հնգյակը, ըստ Թուրքիայի միջին վիճակագրական քաղաքացու, հետևյալն է.

 

1.       ԱՄՆ – 81 տոկոս

2.       Իսրայել – 70.8 տոկոս

3.       Ֆրանսիա – 65 տոկոս

4.       Մեծ Բրիտանիա – 62.8 տոկոս

5.       Հայաստան – 61.2 տոկոս

 

Իսկ ահա բարեկամ երկրների ցանկը, որտեղ, ի դեպ, կա նաև Վրաստանը, գլխավորում է Ադրբեջանը։

 

Հանրային տրամադրությունների այս պատկերը պարզորոշ ցույց է տալիս, թե էրդողանական իշխանություններն ինչպես են հրաժարվել «զրո խնդիրներ հարևանների հետ» գաղափարի իսկական էությունից ու գործում են հակառակ կուրսով։ Ստեղծում են բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև ավելի խորանա ատելության, թշնամանքի ու վտանգի անդունդը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ