Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Թուրքական ժխտողականությունն առավել ռադիկալ դրսևորումներ է ստանում

tourqakan-jxtoxakanoutyoune-aravel-radikal-drseoroumner-e-stanoum

Հայոց ցեղասպանությունը հերթական անգամ հիշատակվեց, ոգեկոչվեց, դատապարտվեց: Թե հայ իրականությունում, թե՛ հայ իրականությունից դուրս: Հերթական անգամ եղան կարեկցանքի, մխիթարանքի խոսքեր ու ժեստեր հայ ժողովրդի բարեկամների կողմից, ինչպես նաև, հումանիստական արժեքներին հավատարիմ մնացած քաղաքական ուժերի ու երկրների կողմից:

Էրդողանի ղեկավարած Թուրքիան նույնպես իր հերթական դերի ու հերթական վարքի մեջ էր: Ժխտողականություն: Բայց նկատելի է, որ տարեցտարի փոխվում է այդ ժխտողականության մակարդակը ու ավելի են կարծրանում անհանդուրժողականության դիրքերը: Դրա ճարտարապետը Թուրքիայի նախագահ Էրդողանն է ու իր քաղաքական թիմի հայատյաց հռետորաբանությունը:

Այս անգամ ևս Էրդողանը ցավակցական ուղերձ հղեց ապրիլի 24-ի կապակցությամբ: Բայց այդ ուղերձի միայն անունն էր ցավակցական, բովանդակությունը՝ ծաղրանք էր հայ ժողովրդի վշտին ու վիրավորանք՝ վերքին: Նախ, որովհետև Էրդողանի ուղերձից կարելի էր ենթադրել, թե Հայաստանում ապրող հայ ժողովուրդ գոյություն չունի, հայերը միայն կամ սփյուռքում են, կամ Թուրքիայում: Ցինիկ արհամարհանք ՀՀ-ի բնակչության հանդեպ, որի զգալի մասը ցեղասպանությունը վերապրած գաղթականների սերունդն է: Այս փաստը Էրդողանը միտումնավոր անտեսում է ու դրանով վիրավորում Հայաստանի հայությանը:

Բացի այդ, արևմտահայերի սպանդը, ցեղասպանական գործողությունները նա անվանեց խելամիտ որոշում, իսկ կոտորված բնակչությանը՝ հայ հրոսակախմբեր ու նրանց աջակիցներ: Այս գռեհիկ ձևակերպումը մերկացնում է Թուրքիայի ներկայիս իշխանական ռեժիմի ու քաղաքական վերնախավի ժխտողականության էությունը: Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Արձանագրում ենք, որ Թուրքիայում ժխտողականության մեղմացում չկա, նահանջի ու փոխըմբռնման ազդակներ չկան: Հուսադրող որևէ դրական երանգ չկա: Ընդհակառակը փաստել կարելի է, որ ժխտողականությունը առավել ռադիկալ դրսևորումներ է ստանում ու պատմաքաղաքական կոնֆլիկտի առավել բարդ սրացումների տանում:

Այդ սրացումների նշաններն արդեն իսկ զգացվում են ազգայնական շրջանակներից, երբ թուրք բարձրաստիճան կուսակցականը կարողանում է ապրիլի 24-ին հրապարակային հայտարարություն անել՝ ասելով. «Հայոց ցեղասպանություն չի եղել, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու»:

Սա այն դասն է, որը պիտի քաղենք մենք, և այն պտուղն է, որը ջրել է թուրքական կառավարությունը: Վստահաբար թուրքերը դեռ էլի երկար շարունակելու են առևտուր անել մեր ցավերի վրա ու խրախճանք անել մեր որբ ու կարոտյալ հողերի վրա: Մնում է խորապես գիտակցել, որ 1.5 միլիոն մարած ծուխը ու 104 տարվա ծխացող վերքը մեզ պարտավորեցնում են սրանից հետո արդարություն ոչ թե պահանջել, այլ հաստատել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ