Թուրքիայի նախագահի հայատառ «ատելությունը»

tourqiayi-naxagahi-hayatar-ateloutyoune

Վախճանվեց Պոլսո հայոց պատրիարքական աթոռի 84-րդ գահակալ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Երկարատև ու ծանր հիվանդությունից բազմաչարչար նրա աճյունը հողին կհանձնվի մարտի 17-ին: Ավելի քան 10 տարի հիվանդասենյակում անցկացրած պատրիարքն այդուհետև իր հավերժական հանգիստը կգտնի Շիշլիի հայկական գերեզմանատանը (Ստամբուլ): Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը Մութաֆյանի մահվան կապակցությամբ հայտարարել է սուգ, մինչև ապրիլի 21-ը՝ Սուրբ Զատիկը: Ըստ այդմ՝ հետաձգվելու են համայնքային կառույցներում նախատեսված ոչ կրոնական բոլոր միջոցառումները։

Պոլսո հայ համայնքին ցավակցություններ հայտնեցին Թուրքիայի քաղաքական ու պետական գործիչներ՝ թե՛ իշխանական թևից, թե՛ ընդդիմադիր ճամբարից: Նրանք ակտիվ եղան, հատկապես, սոցմեդիայի հարթակներում: Սոցկայքերից Թուրքիայում ամենալայն տարածում ունեցող Twitter-ում իրենց վշտակցության խոսքերը հղեցին Թուրքիայի նախկին վարչապետը, նախագահի մամուլի խոսնակը, քեմալականների կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածուն, ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդը և այլք:

Ամենաուշագրավը ու, միևնույն ժամանակ, ամենամտահոգիչը, սակայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձն էր: Պարոնը Twitter-ի իր պաշտոնական էջում արևմտահայերեն գրառում էր արել և ցավակցել պատրիարքի ընտանիքին, հարազատներին ու Թուրքիայի քաղաքացի հայերին:

Ի՞նչ կարող է նշանակել Էրդողանի այս ժեստը և ի՞նչ նպատակ կարող է հետապնդել:

Նախ նշենք, որ Էրդողանի արևմտահայերեն գրառման և առաջիկա ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի միջև կապ փնտրելու հարկ բացառապես չկա: Այն պարզ պատճառով, որ միլիոնավոր բնակչութամբ Ստամբուլում փոքրաթիվ հայ համայնքի քվեները, պարզապես, վճռորոշ լինել չեն կարող: Եվ ուրեմն, Էրդողանի շահագրգռությունն ու դիտավորությունը բոլորովին այլ տեղ պետք է փնտրել, բոլորովին այլ թիրախի համատեքստում:

Պատրիարք կորցրած թուրքահայերի վշտի վրա քաղաքական հաշիվներ բացող ու օգտագործող այդ արարքը ոչ թե անկեղծ ցավակցություն է, այլ դատապարտության արժանի կեղծիք: Մի քանի համառոտ դիտարկմամբ հնարավոր է ի ցույց դնել Թուրքիայի նախագահի թվացյալ կարեկցանքի ստահոդությունը:

Եթե արևմտահայերենի ու այդ լեզվի կրողների նկատմամբ իրապես հարգանք լիներ, Թուրքիայի հայկական դպրոցներում թույլ կտրվեր, որ սաներն իրենց մայրենի լեզվով քննություն հանձնեին, այլ ոչ թե պարտադրված թուրքերենով: Թուրքահայոց հոգևոր առաջնորդի կորստի մասին, իր ձևակերպմամբ, խոր վշտով է տեղեկանում, իսկ ինչո՞ւ գեթ մեկ անգամ խոր վշտով չի տեղեկանում կործանված ու կործանվող հայկական վանքերի և եկեղեցիների ճակատագրով: Ինչպե՞ս կարող է առողջ տրամաբանությունը անկեղծ համարել Թուրքիայի նախագահի ցավակցությունը այն դեպքում, երբ նույն Էրդողանի շուրթերից «հայ» բառը նախկինում հնչում էր իբրև վիրավորական բառ ու ինքն էլ ներողություն էր խնդրում այդ բառն օգտագործելու համար:

Իրականում մտահոգիչ է Էրդողանի հայատառ ցավակցությունը, քանի որ դրա տակ թաքնված է հաշվենկատ ատելությունը: Սիրաշահելու ու հաճոյանալու այս վարքով ակնհայտորեն փորձ է արվում արհեստականորեն բթացնել թուրքահայերի բնական անհանգստությունը, իսկ միջազգային խաղացողների աչքին հոգատար լիդեր երևալու պատրանք ստեղծել: Ուղղակի պատրիարքի մահը խորամանկորեն ծառայեցվեց որպես առիթ: Իսկ եթե կգտնվեն մարդիկ, որոնք կհամարեն, թե Թուրքիայի ղեկավարն իսկապես հոգատարություն է ցուցաբերել, ուրեմն պիտի փաստենք, որ հենց նրա «հոգատարության» արդյունքում են հայկական եկեղեցիները, գերեզմանատներն այսօր պղծվում, պատմամշակութային հուշարձանները ավերվում կամ յուրացվում, իսկ Հրանտ Դինքը՝ գնդակահարվում, Սևան Նշանյանը՝ բանտարկվում, Կարո Փայլանը՝ հետապնդվում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ