Թրամփի պատճառը և Էրդողանի պատճառաբանությունը

trampi-patjare-e-erdoxani-patjarabanoutyoune

Վաշինգտոնը շարունակաբար Անկարային սպառնում էր քաղաքական հետևանքներով ու տնտեսական պատժամիջոցներով, իսկ Անկարան հակադարձում էր դատաիրավական սպառնալիքներով: Թուրքական իշխանությունները զգուշացնում են, որ եթե ԱՄՆ-ն իրենց դուրս թողնի F-35 կործանիչների սերիական արտադրության ծրագրից, ապա իրենք կդիմեն միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ Թուրքիան 1 մլրդ 400 մլն դոլարի ներդրում է արել ծրագրում։

ԱՄՆ-ի անհանգստության պատճառը ռուս-թուրքական ռազմատեխնիկական պայմանագիրն է, որով նախատեսվում է թուրքական բանակի օդուժը համալրել ռուսական արտադրության «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերով: Իսկ Թուրքիայի պատճառաբանությունն այն է, որ ժամանակին ԱՄՆ-ն հրաժարվեց ձեռնտու պայմաններով տրամադրել «Patriot» ՀՕՊ համակարգեր թուրքական բանակի կարիքները բավարարելու համար, փոխարենը ռուսները փոխշահավետ պայմաններ առաջարկեցին: Ուստի, Թուրքիան ամերիկյան համակարգերը գնել չկարողանալու պատճառով դիմել է Ռուսաստանին։

Ինչպես և սպասվում էր, Ճապոնիայի Օսակա քաղաքում օրերս անցկացվող G-20 գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները հանդիպեցին ու քննարկեցին S–400-ների հարցը։ Հանդիպումն ընթացավ դռնփակ պայմաններում ու տևեց շուրջ 30 րոպե: Հանդիպմանը նախորդած համատեղ ասուլիսում Թրամփն անդրադարձել է ամերիկյան Patriot համակարգերի վաճառքին, որոնք Թուրքիային առաջարկվում է որպես այլընտրանք S–400-ներին:

«Մեր հարաբերությունները զարգանում են նաև ռազմական ոլորտում։ Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեզնից մեծածավալ ռազմական գնումներ»,- ասել է Թրամփը։ Վերջինս շտապել է մեղադրել Օբամայի վարչակազմին, որ ժամանակին չի թույլատրել Թուրքիային վաճառել Patriot համակարգերը:

Իսկ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Էրդողանը լրագրողներին ասել է, որ պատժամիջոցների մասին Թրամփը որևէ հաստատող բան չի ասել, դե իսկ իրենք էլ ռուսական S-400-ները կստանան առաջիկա 10 օրվա ընթացքում:

Նախագահների փակ հանդիպումը բազմաթիվ անորոշություններ ու հարցականներ է թողնում թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության և ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործարքի վրա: Ըստ Էրդողանի ներկայացրած պատկերի՝ Թուրքիան փաստորեն չի նահանջում և պատրաստվում է ընդունել ռուսական ՀՕՊ համակարգերը, իսկ պատժամիջոցների կիրառման վտանգի հավանականություն էլ, ըստ երևույթին, չկա: Մանավանդ որ Թրամփն այդ մասին հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Դա մի փոքր խճճված հարց է: Տարբեր լուծումներ ենք փնտրում: Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամն է և առևտրային գործընկերը»:

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն այսքան անհստակ գործում, իսկ Թուրքիան՝ այսքան անդրդվելի:

Ռուսական համակարգերը գնելու հաստատակամությունը պահպանող, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին հակադրվող Թուրքիան իր մոտիվացիայում թերևս ունի առնվազն երեք բաղադրիչ՝ ռազմական, ֆինանսական և քաղաքական:

  • Ռազմականն այն է, որ ռուսական համակարգերն ունեն նշանակալի առավելություն Patriot-ի և առհասարակ արևմտյան արտադրության նմանատիպ ՀՕՊ համակարգերի նկատմամբ: S-400-ները ի զորու են ոչնչացնել ոչ միայն ինքնաթիռներ, մարտավարական բալիստիկ հրթիռներ, այլև անօդաչու թռչող սարքեր մինչև 27 կմ խորության վրա: Այս համատեքստում միանգամայն ըմբռնելի է բրիտանացիների փորձագետների գնահատականը. «Արևմուտքն արտադրում է ամենալավ ինքնաթիռները, իսկ Ռուսաստանը՝ դրանք խոցող ամենալավ հրթիռային համակարգերը»:

 

  • Ֆինանսական առավելությունն այն է, որ S-400-ները, լինելով ավելի լավ կատարելագործված իրենց արևմտյան մրցակիցների համեմատ, միևնույն ժամանակ 2 անգամ էժան են վաճառվում Թուրքիայի համար, քան ասենք ամերիկյան Patriot համակարգերը:

 

  • Եվ ի վերջո, քաղաքական բաղադրիչն այն է, որ ռուսական համակարգերի ձեռքբերմամբ Անկարան պաշտպանական ոլորտում անկախ քաղաքականություն վարելու հայտ է ներկայացնում Արևմուտքի ուժային կենտրոններին:

 

Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է, «Թրամփն անհանգստություն է հայտնել S–400 ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ և հորդորել է Թուրքիային պաշտպանական ոլորտում համագործակցել ԱՄՆ-ի հետ, ինչն ավելի կամրապնդի դաշնակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում»:

Մնում է միայն ենթադրել, որ G-20-ում ԱՄՆ-ի հորդորը Թուրքիան ընդունել է սոսկ ի գիտություն, այլ ոչ թե՝ ի գործ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ