Խաղաղության ու պատերազմի մասին

xaxaxoutyan-ou-paterazmi-masin

Մինչ Հայաստանում ավելանում են խաղաղությանն ուղղված քարոզներն ու  ներհասարակական պառակտումները, հարևան Ադրբեջանում իրար հետևից զորավարժություններ են իրականացվում։ Մերոնցի ու ձերոնցի, սևերի ու սպիտակների, ղարաբաղցիների ու հայաստանցիների բաժանման փորձերն ակնհայտորեն ջլատում են  հասարակության ուժերը, իսկ Ադրբեջանն առանց թաքցնելու պատերազմի է պատրաստվում։

 

Չավարտված պատերաղմի մեջ գտնվող պետության ու նրա ժողովրդի համար հանրության նմանատիպ պառակտումը վտանագավոր է և ուղեկցվում է ազգային անվտանգության նոր ռիսկերի ու մարտահրավերերի ստեղծմամբ։ Այս իրավիճակը շատ լավ հասկանում և «գնահատում» են մեր ոխերիմ թշնամիները՝ ավելի ու ավելի հաճախակի դարձնելով թուրք-ադրբեջանական համտեղ զորավարժությունները։

 

Իսկ մենք մեր մեջ թշնամի ենք փնտրում՝ անգամ փորձելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրել ինչ-որ դավաճանությունների ու դավադրությունների մեջ։ Միաժամանակ փորձ է արվում նսեմացնել պատերազմն անցած և հաղթանակած զինվորականների ու գեներալների վաստակը՝ նրանց ներկայացելով տարբեր չապացուցված մեղադրաքներ հատկապես սոցցանցերում, որոնց գործունեությունը կառավարվում է ֆեյքային կառույցների կողմից։

 

Իսկ նույն այդ ժամանակ հենց մեր քթի տակ՝ Նախիջևանում, տեղի է ունենում «Անսասան եղբայրություն-2019» անվամբ թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը։ Այս գործողության իրականացման համար թուրքական զորախմբեր են բերվել Նախիջևանի տարածք։

 

Հիշեցնենք, որ սա վերջին երկուսուկես ամսում Ադրբեջանի կազմակերպած 4-րդ զորավարժությունն է: Դրանց ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ 40 հազար զինվոր, տարբեր տեսակի զրահատեխնիկա ու ռազմաօդային ուժեր։ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություներն ընդգծված հակահայկական բնույթ են կրում, այս փաստը ոչ միայն չի թաքցվում, այլև գովազդվում է այդ երկրի ԶԼՄ-ներով։

 

Իսկ Հայաստանում գործող տարբեր ՀԿ-ներ, ֆինանսավորվելով արևմտյան տարբեր կառույցների կողմից, խաղաղության, զինաթափման ու փաստացի պարտվողականության քարոզչությամբ են զբաղվում... Այն դեպքում, երբ այսօր առավել քան երբևէ մեզ միասնություն ու համերաշխություն է պետք՝ դիմակայելու թշնամու հնարավոր սադրաքներին ու պահպանելու պետության ամուր հիմքերը։

 

Խաղաղությունը ստեղծվում ու պահպանվում է միայն հզոր ու մարտունակ բանակի միջոցով։ Իսկ դրա համար հարկավոր է հայ ժողովրդի միասնական ու ամուր աջակցությունը հայկական Զինված ուժերին, այնտեղ ծառայող զինվորներին ու սպաներին։ Ժամանակն է սթափվելու և ազգային միասնությամբ հաստատելու, որ թշնամու հնարավոր սադրանքներին կպատասխանենք միակամ ու ողջ հայության ուժերով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ