Խելացի մարդկանց շրջանում երջանկությունը հազվագյուտ երևույթ է. Այսօր ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի հիշատակի օրն է

am en ru
xelaci-mardkanc-srjanoum-erjankoutyoune-hazvagyout-ereouyt-e-aysor-amerikaci-grox-ernest-hemingoueyi-cnndyan-orn-e

Այսօր 20-րդ դարի ամերիկյան գրականության խոշորագույն դեմքերից մեկը` Էռնեստ Հեմինգուեյը, ծնվել է 1899թ. հուլիսի 21-ին: 1917թ. ավարտել է դպրոցը: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–1918թթ.): Հետպատերազմյան տարիներին գործուղվել է Փարիզ, դարձել «Տորոնտո Դեյլի Սթար» պարբերականի թղթակիցը Եվրոպայում:

1925թ. լույս տեսած «Մեր ժամանակներում» կարճ պատմվածքների գրքում հայտնվում է Հեմինգուեյի քնարական հերոսներից առաջինը՝ գլխավոր հերոս Նիկ Ադամսը, որը ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում ուղեկցելու է գրողին: Հեմինգուեյի համար բարոյականության չափանիշ են քաջությունն ու արժանապատվությունը, որոնք էլ արտացոլված են «Անպարտելին» (1925թ.) պատմվածքում և «Տղամարդիկ առանց կանանց» (1927թ.) ժողովածուում:

«Եվ ծագում է արևը» (1926թ., նույն թվականին Անգլիայում լույս է տեսել «Ֆիեստա» վերնագրով) վեպում Հեմինգուեյը պատկերել է հետպատերազմյան «ծաղկուն» տարիների «կորած սերնդի» հոգու ցավը, հիասթափությունն ու հուսահատությունը: Գրողը հռչակվել է «Հրաժեշտ զենքին» (1933թ.) հակապատերազմական վեպով, որտեղ արտացոլել է կամավոր պատերազմ մեկնած ամերիկացու՝ Ֆրեդերիկ Հենրիի հոգեկան ճգնաժամն ու խեղված ճակատագիրը:

Հեմինգուեյը 1930-ական թվականներին ստեղծագործական խոր ճգնաժամ է ապրել`   փորձելով վերաիմաստավորել անցած ուղին և սահմանել իր ստեղծագործական գեղագիտական սկզբունքները: Այդ շրջանում հրատարակվել են «Մահ կեսօրից հետո» (1932թ.) աշխատությունը, «Ֆրենսիս Մաքոմբերի երջանկությունը» (1936թ.), «Կիլիմանջարոյի ձյուները» (1936թ.) մեծածավալ պատմվածքները:

1937-1940թթ. Հեմինգուեյը թղթակից էր Իսպանիայում: Իր հոդվածներում անդրադարձել է իսպանական հեղափոխությանը, հանդես եկել հակաֆաշիստական ելույթներով: «Ում համար է ղողանջում զանգը» (1940թ.) վեպում պատկերել է Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի հերոսի՝ Ռոբերտ Ջորդանի կյանքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945թթ.) հետո Հեմինգուեյի ստեղծագործություններում նկատվել են անկումային տրամադրություններ: Այդ տարիներին գրել է «Գետից այն կողմ, ծառերի ստվերում» (1950թ.), «Տոն, որ միշտ քեզ հետ է» (1964թ.) վեպերը, «Կղզիներ օվկիանոսում» (տպագրվել է 1970թ.) անավարտ վեպը:

Մարդու նկատմամբ հավատը գրողն ամրապնդել է «Ծերունին և ծովը» (1952թ., արժանացել է Պուլիցերյան՝ 1953թ. և Նոբելյան՝ 1955թ. մրցանակների) պատմվածքում, որտեղ պատկերել է բաց ծովում մենակ մնացած մարդու պայքարը բնության արհավիրքների դեմ: Ծերունու կերպարը խորհրդանշական է. միայնակ մարդ, որը բախվում է անարդարությունների, սակայն պայքարում է հանուն լուսավոր ապագայի: Կյանքի վերջին տարիներին Հեմինգուեյը բնակվել է Կուբայում:

Ապրելով հոգեկան խոր ճգնաժամ՝ նա ինքնասպան է եղել: Հեմինգուեյի գործերից հայերեն են թարգմանել Պերճ Զեյթունցյանը, Վահե Միքայելյանը և ուրիշներ:

Ներկայացնում ենք Հեմինգուեյի հայտնի մտքերից մի քանիսը 

Աշխարհում չկա գրքից ավելի հավատարիմ ընկեր:

Երբեք մի՛ մտածեք, որ պատերազմը հանցագործություն չէ: Անկախ նրանից, թե որքան մեծ է դրա անհրաժեշտությունը, այն, միևնույնն է, հանցագործություն է:

Աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում: Բայց աշխարհը սպանում է նաև նրանց, ովքեր չեն կոտրվում: Աշխարհն առանց խտրականության սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին: Իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույնն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց ավելորդ շտապողականության:

Ամենալավ մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, ճշմարտությունն ասելու հակում, զոհաբերության գնալու կարողություն ունեն: Ճակատագրի հեգնանքով նրանց արժանիքները խոցելի են դարձնում նրանց. նրանք հաճախ վիրավորվում են, երբեմն՝ կործանվում: 

Քո մի մասնիկը մահանում էր ամեն տարի, երբ տերևները թափվում էին ծառերից, և դրանց ճյուղերը մերկ մնում քամուն, ցրտին և ձմռան լույսին դեմ հանդիման: Սակայն դու գիտեիր, որ գարունը կրկին գալու է, գիտեիր նաև, որ սառցակալելուց հետո գետը նորից վարարելու է: Երբ սառն անձրևները շարունակվեցին և սպանեցին գարունը՝ ասես մի երիտասարդ մահանար առանց որևէ պատճառի:

Խելացի մարդկանց շրջանում երջանկությունը հազվագյուտ երևույթ է:

Իբրև գրող՝ դու չպետք է դատես, այլ պետք է հասկանաս:

Մահը նման է բարում նստած ծեր պոռնիկին: Ես նրա համար գինի կգնեմ, սակայն նրա հետ վերև չեմ բարձրանա: 

Ես սովորեցի երբեք չդատարկել իմ գրական ջրհորը, այլ միշտ կանգ առնել այն պահին, երբ ջրհորի խորքում դեռևս ինչ-որ բան մնացել է և թույլ տալ, որպեսզի այն գիշերը կրկին լցվի աղբյուրներից:

Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ: Չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը: Քանի՞ տարեկան պետք է դառնաս, որպեսզի իմանաս դա: Կա միայն ներկան, և եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, և դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի: Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում: Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբևէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս:

Ժամանակը չէ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք չունես, ավելի լավ է մտածիր, թե ինչ կարող ես անել ձեռքիդ տակ եղածով:

Ինքնասպանություն չգործելու բուն պատճառն այն է, որ դու գիտես, թե որքան քաղցր է նորից դառնում կյանքը, երբ դժոխքն ավարտվում է:

Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից:

Որպեսզի պարզես, թե արդյոք կարող ես վստահել մարդուն, վստահիր նրան: Դա է պարզելու լավագույն ձևը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ