Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Զբոսաշրջություն, առևտուր և ներդրումներ. երեք ուղղություն՝ հայ-եգիպտական տնտեսական համագործակցության համար. Էդուարդ Մանուկյան (տեսանյութ)

zbosasrjoutyoun--aretour-e-nerdroumner-ereq-ouxxoutyoun-hay-egiptakan-tntesakan-hamagorcakcoutyan-hamar-edouard-manoukyan-tesanyout

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Եգիպտոսի հայ-եգիպտական բիզնես ասոցիացիայի նախագահ, Եգիպտոսում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Էդուարդ Մանուկյանը։

-Պարո՛ն Մանուկյան, եթե ամփոփենք 2018 թվականը, տարին ինչպիսի՞ն էր հայ-եգիպտական հարաբերությունների տեսանկյունից, ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը:

-Հայ-եգիպտական գործարարների ասոցիացիան գործում է արդեն մեկ տարի, և 2018 թվականին այն ակտիվ աշխատանքներ է իրականացրել։ Այս տարի և՛ եգիպտական, և՛ հայկական կողմերի ասոցիացիաներն ամեն մեկն իր հերթին վարչական ժողովներ են անցկացրել և քննարկել երկրու երկրներում իրենց մասնակցությունն ավելացնելու հարցերը։ Նշեմ, որ մենք երեք ուղղություններով ենք աշխատում՝ զբոսաշրջություն, առևտուր և ներդրումներ։

Հայաստանից Եգիպտոս վերջին տարվա ընթացքում գրեթե 14 հազար զբոսաշրջիկ է մեկնել հանգստանալու։ Եգիպտոսից զբոսաշրջիկների հոսքը դեռ այդքան էլ մեծ չէ, որովհետև վիզային ռեժիմի հետ կապված հարցեր կան։ Բայց կարող եմ ասել, որ առաջիկա տաս օրվա ընթացքում պետք է վիզային ռեժիմը դյուրացվի, ինչն իր դրական ազդեցությունը կունենա ոլորտի վրա։

Ինչ վերաբերում է առևտրային շրջանառությանը, Եգիպտոսից Հայաստան են ներմուծվում տարբեր տեսակի պտուղներ և սառեցված ապրանքներ, իսկ Հայաստանից դեռևս արտահանումը քիչ է։

Ներդրումների ոլորտում էլ կարող եմ նշել, որ երկու մեծ ծրագրեր են մեկնարկել, երկուսն էլ տեքստիլ ոլորտում։ Եգիպտական ընկերություններն սկսել են Հայաստանի գործընկերների համատեղ ընկերություններ հիմնադրել։ Դեղագործության ոլորտում էլ Հայաստանից արդեն գործընկեր ունենք և սկսել ենք միացյալ արտադրություն։

Գալիք տարվա համար մեր նպատակն է տարվա առաջին կեսին կազմակերպել հայ-եգիպտական միջկառավարական երկրորդ ժողովը, որը պետք է լինի այս անգամ Եգիպտոսում։ Սպասվում է, որ Հայաստանի պաշտոնական պատվիրակություն և գործարարների խումբ կժամանեն Եգիպտոս։

-Իսկ ի՞նչ իրավիճակ է մյուս ոլորտներում։ Մասնավորապես, քաղաքական և մշակութային ոլորտներում զարգացումներ արձանագրվե՞լ են։

-Այս տարի հատկանշական էր Հայաստանի Սփյուռքի նախարարի այցը Եգիպտոս, որտեղ տեղի ունեցավ հայկական շաբաթ։ Այցի ընթացքում նախատեսված էր նախարարի պաշտոնական ընդունելություն, նա հանդիպումներ ունեցավ տարբեր նախարարների հետ. Ասոցիացիան իր հերթին կազմակերպել էր հատուկ ընդունելություն ՝ ի պատիվ նախարարների: Դրան ներկա գտնվեցին նաև երկու երկրների դեսպանները և համայնքի ներկայացուցիչները։

Սպասվում է որ 2019-ին Եգիպտոսի սփյուռքի նախարարը պետք է կազմակերպի մի նախաձեռնություն, որը վերաբերում է Եգիպտոսում ապրող հայերին, հույներին ու կիպրացիներին, որոնք Եգիպտոսում են ծնվել-մեծացել, սակայն տարիների ընթացքում հեռացել են այլ երկրներ։ Այս միջոցառումը սպասվում է հոկտեմբերին, և արդեն հատուկ հայտագիր է պատրաստվում։ Դրա ամենակարևոր մասը վավերագրական ֆիլմն է, որը գրեթե մեկ ու կես ժամ տևողություն է ունենալու, և դրանում մասնակցություն ունեն նաև Եգիպտոսում ապրող հայերը։ Կարծում եմ, սա մեծ միջոցառում պետք է լինի հաջորդ հոկտեմբերին։

-Այս տարի Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, և աշխարհի բոլոր պետություններում սկսեցին խոսել հայերի ու Հայաստանի մասին։ Նույնիսկ The Economist ամսագիրը Հայաստանին շնորհեց <<Տարվա երկիր>> կոչումը։ Եգիպտոսում հետևո՞ւմ էին հայաստանյան գործընթացներին և ի՞նչ վերաբերմունք կար այս ամենի նկատմամբ։

-Հեղափոխությունն իրավամբ հատուկ է, ոչ թե նրա համար, որ մենք հայ ենք, այլ որովհետև այն եղավ առանց որևէ բախումների և արյան։ Ցավալի կլիներ, եթե հայերի միջև բախումներ տեղի ունենային, ու շատ լավ է, որ ամեն ինչ սահուն ընթացավ։ Ներկայումս սպասում ենք, որ մոտ ապագայում նոր խորհրդարանը, վարչապետն ու նախարարները կկարողանան Հայաստանն առավել առաջ տանել, և զարգացնել նաև Եգիպտոսի հետ հարաբերությունները մշակութային, քաղաքական, տնտեսական ու նաև մյուս բոլոր ոլորտներում։

-Նոր իշխանությունները հայտարարում են, որ ցանկանում են մեծ հայրենադարձություն կազմակերպել։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ, օրինակ, Եգիպտոսի հայ համայնքից կարող են ընտանիքներ վերադառալ հայրենիք։

-Իրականության մեջ Հայաստանի իշխանությունները, եթե մեծ թափ հաղորդեն հայրենադարձությանը, կարող է հաջողել։ Բայց Եգիպտոսի մեջ համայնքն արդեն չափազանց նոսրացած է, մենք հազիվ 3000-ի մասին ենք խոսում։ Սակայն Եգիպտոսի համայնքի կողմից արդեն իսկ կա մասնակցություն Հայաստանի տնտեսական ծրագրերի մեջ, կարող են հիմնել այստեղ իրենց ընկերությունները, ունենալ իրենց գործը։ Հատկանշական է, որ երեք օր առաջ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Ներուժ» երիտասարդական ծրագրին Եգիպտոսից երեք երիտասարդ իրենց ծրագրերը ներկայացրին, և եթե չեմ սխավում, 60 ծրագրի մեջ նրանք առաջին 20-յակի մեջ հայտնվեցին։

-Իշխանությունները նաև հայտարարում են, որ ներդրողների մոտ սպասողական վիճակ է. նրանք սպասում են, որ Հայաստանի քաղաքական իշխանությունն ամբողջապես ձևավորվի, որից հետո միայն ներդրում կանեն։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Հարկավ, խոստումները, որ Հայաստանի իշխանությունները տալիս են, պետք է իրականություն դառնան, և տնտեսական ոլորտում էլ մարդիկ, որոնք ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում, պետք է առաջարկվող պայմանները տեսնեն, փոխված օրենքները տեսնեն, որ հասկանան, թե ինչ վստահություն է ներշնչում կառավարությունը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ